Հուլիսի 3-ին տեղի կունենա փառատոնի իրադարձային համերգներից մեկը. առաջին անգամ Երևան և ողջ տարածաշրջան կժամանի աշխարհահռչակ դաշնակահար Արկադի Վոլոդոսը: Գերաստղին բնութագրում են ինչպես «չգերազանցված վիրտուոզ և ռոմանտիկ երաժշտական պատումների իրական վարպետ»: Վոլոդոսը այն երաժիշտներից է, ով հատուկենտ և փոքրաթիվ համերգներ է նվագում տարվա ընթացքում, հակառակ այն անվերջ հետաքրքրության, որ ունեն նրա հանդեպ աշխարհի առաջատար փառատոները: Վոլոդոսն ընտրում է մի շարք եվրոպական քաղաքներ, որտեղ նրան հաճելի է հանդես գալը, և շարունակաբար մերժում առավել հեռու գտնվող քաղաքներ մեկնելը, առավելևս այլևս չի նվագում Եվրոպայից դուրս: Վոլոդոսի համերգների տոմսերը վերջանում են ամիսներ առաջ, իսկ բազմաթիվ հեղինակավոր համերգասրահներ տարիներ ի վեր սպասում եմ նրա համերգի հնարավորությանը:
Մեր երկարամյա բանակցությունները վերջնականապես պսակվեցին հաջողությամբ և նշանակվեց Երևանյան համերգի օրը: Արտիստի մենեջմենթի հետ մանրակրկիտ աշխատանք էր տարվել Եվրոպայից Երևան ժամանող չվերթներից մեկը հնարավոր օրերի հետ համադրելու համար: Արկադի Վոլոդոսը, անելով նման բացառություն և համաձայնելով գալ այս աշխարհամաս, լրջորեն քննարկել և հաշվի է առել «Երևանյան Հեռանկարներ» փառատոնի բարձրագույն գեղարվեստական մակարդակը:
Հուլիսի 3-ին Արամ խաչատրյան մեծ համերգասրահում կայանալիք բացառիկ մենահամերգի ընթացքում վիրտուոզ դաշնակահարը կկատարի Շոպենի, Բրամսի և Շուբերտի ստեղծագործությունները: Նրա հետ Երևան է ժամանելու “Ստեյնվեյ ընդ սանս” ռոյալների հայտնի մասնագետներից մեկը, ով երկու օրերի ընթացքում պետք է նախապատրաստի Արամ Խաչատրյան համերգասրահի ռոյալը Արկադի Վոլոդոսի մենահամերգի համար:
Արկադի Վոլոդոսը ծնվել է 1972թ․-ին Սանկտ Պետերբուրգում: Ուսանել է Մոսկվայի կոնսերվատորիայում՝ Գալինա Եղիազարովայի հետ, այնուհետև շարունակել կրթությունը Փարիզում և Մադրիդում։ 1996թ.-ին Նյու Յորքում կայացած հիշարժան դեբյուտից մինչ այժմ Արկադի Վոլոդոսը մենահամերգներով և հռչակավոր նվագախմբերի նվագակցությամբ հանդես է գալիս ողջ աշխարհում։ Նա կանոնավոր կերպով եկույթ է ունենում Բեռլինի ֆիլհարմոնիայում, Վիեննայի Մուզիքֆերայնում, Լոնդոնի արքայական փառատոնային համերգասրահում, Ամստերդամի Կոնսերտգեբաույում, Շանզելիզեի թատրոնում։ 2002թ-ին Զալցբուրգի փառատոնում ահռելի արձագանքի արժանացած դեբյուտից հետո նա հրավիրվում է ելույթ ունենալու այդ փառատոնում յուրաքանչյուր տարի։
Վոլոդոսը ելույթ է ունեցել այնպիսի աշխարհահռչակ նվագախմբերի հետ, ինչպիսիք են Փարիզի նվագախումը, Բեռլինի ֆիլհարմոնիկ նվագախումբը, Ֆիլհարմոնիան, Ցյուրիխի «Թոնհալե» նվագախումբը, Սեուլի ֆիլհարմոնիկ նվագախումբը, Ամստերդամի արքայական Կոնցերտգեբաու նվագախումբը և Մյունխենի ֆիլհարմոնիկ նվագախումբը։ 2013թ.-ին նա համերգներով շրջագայել է Վիեննայում, Լոնդոնում, Լայպցիգում և Փարիզում՝ Լայպցիգի «Գևանդհաուս» նվագախմբի և Ռիկարդո Շայիի հետ։
2014-2015թթ. համերգաշրջանի շրջանակներում Արկադի Վոլոդոսը եղել է Բեռլինի համերգասրահի «Հրավիրյալ արտիստ», որտեղ նա ելույթ է ունեցել դաշնամուրային կոնցերտների, մենահամերգների և կամերային երաժշտության ութ տարբեր ծրագրերով։ Երկու անգամ ելույթ է ունեցել Զալցբուրգում՝ Զատկի փառատոնին՝ Դրեզդենի պետական նվագախմբի ու Դանիել Գատիի հետ, ինչպես նաև 2015թ.-ի ամառային փառատոնի շրջանակներում՝ այս անգամ արդեն մենահամերգով։ Նորաբաց Փարիզի Ֆիլհարմոնիայում նա ելույթ է ունեցել Փարիզի նվագախմբի և Ջեյմս Կոնլոնի հետ։ 2015-2016թթ. համերգաշրջանը նշանավորվեց Զալցբուրգի փառատոն իր վերադարձով` Համբուրգի հյուսիսգերմանական ռադիոյի սիմֆոնիկ նվագախմբի և Քրիստոֆ Էշենբախի հետ։ Նա նաև հանդես է եկել մենահամերգներով՝ ողջ Եվրոպայում։
Ընթացիկ համերգաշարի շրջանակներում նա ելույթ է ունեցել Լյուքսեմբուրգում, Բեռլինում (Համերգասրահ), Ցյուրիխում, Բեռնում, Մյունխենում, Լուգանոյում, Ժնևում, Բոլոնիայում, Բռեսկիայում և Բերգամոյում, ինչպես նաև Ամստերդամում, Լայպցիգում և Բարսելոնայում։ Նոր Ֆիլհարմոնիայում նա հանդես է եկել Բրամսի երկրորդ դաշնամուրային կոնցերտով՝ Փարիզի նվագախմբի հետ։
1998 թ.-ին Քարնեգի համերգասրահում իր մենահամերգային դեբյուտից հետո Արկադի Վոլոդոսը ձայնագրել է մի շարք մեծ ճանաչում ձեռք բերած ձայնասկավառակներ, որոնք հանդիսատեսին հասանելի էին դարձնում Շուբերտի սոնատաների իր մեկնաբանումը, Ռախմանինովի սոլո գործերն ու գրառումները, նրա երրորդ դաշնամուրային կոնցերտի կենդանի ձայնագրությունը Բեռլինի ֆիլհարմոնիկ նվագախմբի և Ջեյմս Լևինի հետ, ինչպես նաև Չայկովսկու առաջին դաշնամուրային կոնցերտը՝ Սեյջի Օզավայի ղեկավարությամբ։ «Վոլոդոսը նվագում է Լիստ» ձայնասկավառակն արժանացել է բազմաթիվ պատվավոր մրցանակների։ 2010թ.-ին Մուզիքֆերայնի իր մենահամերգը թողարկվել է տեսասկավառակներով և ձայնասկավառակներով և արժանացել միջազգային քննադատական խանդավառ գովեստների։ Իր սոլո ալբոմը՝ նվիրված Կատալոնացի կոմպոզիտոր Ֆրեդերիկ Մոմպուին, արժանացել է «Գրամոֆոն» մրցանակի և «Էխոփրայզի»։ Վերջերս թողարկված «Բրամս» ձայնսկավառակն արժանացել է «Դիապազոն Դ՛Օր»-ի՝ գերելով լսարանին և ընդհանրապես՝ ողջ երաժշտասեր հանրությանը։